Touch the soul of Armenia... the land of Noah!

Տաթև

Տաթևի վանական համալիրը, որ ամենանշանավորներից է Հայաստանում, գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղում, Որոտան գետի վտակի աջ ափին, Երևանից 260 կմ հարավ:

Տաթևում եկեղեցի է կառուցվել դեռևս 4 - րդ դ. սկզբին, այնտեղ եղած Տիր աստծու մեհյանի տեղում: Նախաքրիստոնեական Հայաստանում այստեղ դպրանոց և աստղադիտարան է գործել: Տիրը հայոց դիցարանում գիտության հովանավոր աստվածն էր: 9 - րդ դ. Սյունաց իշխանները հին եկեղեցու փոխարեն ձեռնամուխ եղան ներկա վանական համալիրի շինարարությանը: 906 թ. արդեն օծվում է սբ. Պողոս - Պետրոս եկեղեցին: Նրա օծմանը ներկա են եղել հայոց, վրաց և աղվանից իշխողները՝ երկրի աշխարհիկ ու հոգևոր տերերը: Շատ իշխաններ մեծ նվիրատվություններ կատարեցին վանքին՝ նրան նվիրաբերելով հսկայական կալվածքներ, ինչն առաջացրեց գյուղացիների ըմբոստությունը և այդ պատճառով հենց Տաթևում 906 թ. բռնկվեց աշխարհում առաջին գյուղացիական ապստամբությունը:

13 – 14 - րդ դդ. Տաթևի վանքն ուներ 677 հարկատու գյուղեր և Հայաստանի ամենահարուստ վանական համալիրներից էր: Տաթևի վանքն արագ դարձավ Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից մեկը. Այստեղ գործում էին շուրջ 500 միաբաններ: Վանքում գործում էր բարձրագույն դպրոց՝ վարդապետարան, ուր դասավանդում էին իմաստասիրություն, երաժշտություն, ճշգրիտ գիտություններ…

Վարդապետարան - համալսարանին կից գործել է մանրանկարչական դպրոց: 1170 թ. վանքն ավերվել է սելջուկ հրոսակների կողմից և Սյունաց հոգևոր կենտրոնը Տաթևից տեղափոխվել է Նորավանք:

Վանքը բաղկացած է սբ. Պողոս - Պետրոս եկեղեցուց, սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, սբ. Աստվածածին եկեղեցուց, զանգակատնից, գավազան - հուշասյունից, սեղանատնից, աշխարհիկ, հոգևոր և կենցաղային այլ շինություններից: Առանձնակի գեղազարդ է սբ. Պողոս - Պետրոս եկեղեցին՝ ուր պահպանվել են 10 - րդ դ. որմնանկարչական արվեստի հազվագյուտ նմուշներ:

Տաթևի վանքը, բացի հոգևոր - մշակութային կենտրոն լինելուց, նաև մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում: 18 - րդ դ. Դավիթ - Բեկի, իսկ 1920 - 1921 թթ.՝ Գարեգին Նժդեհի գլխավորած ազատամարտերի ժամանակ այն ապաստան ու կենտրոն է ծառայել հայ ազատամարտիկների համար: Վանքի անվանումը մի քանի ստուգաբանություն ունի. Ոմանք Տաթև անվանումը կապում են Հիսուսի աշակերտներից սբ. Տաթեոսի հետ, ով, իբր, քրիստոնեություն է քարոզել Հայաստանում: Անվան ստուգաբանության հետ կապված՝ հետաքրքիր ավանդույթ է պահպանել ժողովուրդը: Լենկ - Թեմուրը երբ պաշարել է Տաթևի վանքը՝ շրջական գյուղերի բնակիչներն ապաստանում են եկեղեցում: Բայց քանի որ, եկեղեցում տեղը սահմանափակ էր՝ մարդիկ աղոթում են, որ աստված իրենց տա թևեր՝ թռչելու և Թեմուրի հորդաներից փախչելու համար, որից առաջացել է Տաթև անվանումը: Գիտնականների մեկ այլ խումբ Տաթևի վանքի ստուգաբանությունը կապում է նախաքրիստոնեական Հայաստանում այստեղ գործած աստղադիտարանի հետ:

Վանքի ամենահետաքրքիր կառույցներից մեկն ինչ խոսք, ճոճվող սյունն է: Ճիշտ է, նրան շատերը վերագրում են միջնադարյան ծագում և համարում ես սոսկ կոթող, բայց գիտնականների մեկ այլ խումբ ճոճվող սյան տարիքը հազարամյակների խորքից է բխեցնում և դարձյալ կապում է աստղագիտության հետ: Ամեն դեպքում, ամեն տարի օգոստոսի 11 - ին, երբ հայությունը նշում է Նավասարդը՝ նոր տարին, Հայկի համաստեղության (Օրիոն) աստղերը կեսգիշերին ուղիղ գիծ են կազմում ճոճվող սյան հետ…

Տաթևի վանքն իր խորքում դեռևս շատ չբացահայտված գաղտնիքներ ունի…